Կիրակի՝ 2013 թւականի օգոստոսի 11-ի երեկոյեան ժամը 8-ին, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ, Ս.Ա. Վանք էին հրաւիրւել անցնող երկու տարիների ընթացքում Խորհրդի հետ համագործակցութիւն ցուցաբերած բոլոր ենթամարմինների անդամներն իրենց զոյգերով, ընդ որում Կրթական Խորհուրդը, Կալւածա-Տնտեսական, Բարեսիրական ու Գերեզմանատան Բարեզարդման մարմինները, Երիտասարդական Խորհուրդը եւ Ուսանողական Կրթաթոշակների Յատկացման Հոգաբարձութիւնը: Ձեռնարկին ներկայ էին թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Կրօնական Խորհրդի ատենապետները եւ Թեմական Խորհրդի անդամները:

Ծրագիրը կայացաւ Ս.Ա. Վանքի երկրորդ բակի շրջափակում, ուրախ եւ ջերմ մթնոլորտում: Միջոցառման առաջին բաժնում հանդէս եկաւ Թեմական Խորհրդի գործավար պրն. Արթին Մուրադեանը եւ բարի գալստեան ու ողջոյնի խօսքերից յետոյ, ակնարկեց թէ ի՞նչ հիմունքներով ու նպատակներով է կազմակերպւել նման միջոցառում: Ապա հրաւիրեց Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանին՝ արտայայտւելու:

Պրն. Մինասեանն առաջին հերթին մէկ առ մէկ շնորհակալութիւն յայտնելով մարմինների բոլոր անդամներին ու նրանց պարագաներին, բարձր գնահատեց իւրաքանչիւրի կողմից կատարւած աշխատանքները՝ պատկան ոլորտում, ապա հերթաբար անդրադարձաւ այն կարեւոր նւաճումներին ու ձեռքբերումներին, որոնք ծրագրւել ու իրագործւել են յատկապէս անցեալ երկու տարիների ընթացքում, որոնց մասին էլ առանձնաբար անդրադարձաւ իւրաքանչիւր Մարմնի գործունէութեան ներքոյ: Իսկ վրջում երախտիքի ու շնորհակալութեան խօսքեր ուղղեց մարմինների բոլոր անդամներին, նաեւ նրանց պարագաներին՝ ազգային բնագաւառում իրենց գործ դրած ժամանակի, ճիգ ու ջանքերի համար, յաջողութիւն մաղթեց բոլորին, անկախ այն իրողութիւնից, որ յառաջիկայ երկու տարիների ընթացքում դարձեալ ընդգրկւելու են որեւէ Մարմնի կազմում թէ ոչ:

Ապա հրաւիրւեց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ով նոյնպէս իր շնորհակալական ու երախտիքի խօսքերում սրտի անհուն ուրախութիւն յայնեց այդ մեծ թւով ազգայինների գործօն մասնակցութեան համար ազգային կեանքում, ովքեր ինքնակամ եկել են իրենց կարեաց սահմանում մեր ժողովրդի հոգսերն ու դժւարութիւնները մասամբ մեղմացնելու եւ թեթեւացնելու, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ զոհաբերութիւն, ժողովրդանւէր եւ աստւածահաճոյ ծառայութիւն:

Արտայայտութիւններից յետոյ, հրաւիրւեցին գերշ. Սրբազան Հայրը, Պատգամաւորական Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետները՝ իւրաքանչիւր Մարմնի անդամի համար նախապատրաստւած գնահատագրերը յանձնելու համար: Այսպիսով բոլոր մարմիններն իրենց ատենապետների ընկերակցութեամբ ներկայացան բեմահարթակ եւ Սրբազան Հօր ձեռամբ ստացան իրենց գնահատագրերը:

Ծրագրի պաշտօնական բաժինն աւարտելով, ներկաները մասնակցեցին օրւայ առթիւ կազմակերպւած համեստ հիւրասիրութեանը, ընդ որում հաճելի եւ մտերմիկ մթնոլորտում հնչեցին խօսքեր, մտահոգութիւններ, ասմունքներ եւ երգեր:

Սպահանի Հայոց Թեմի
Թեմական Խորհուրդ