Չորեքշաբթի՝ մարտի 26-ին, Մեծ պահքի 24-րդ օրը՝ Միջինքը, նշւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, մասնակցութեամբ՝ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու սարկաւագների եւ երգեցողութեամբ համայնքի «Նարեկ» երգչախմբի:
Սկզբում Արեւագալի արարողութիւն տեղի ունեցաւ եկեղեցում, ապա Սրբազան Հայրը Մեծ պահքի եւ Միջինքի խորհրդի մասին արտայայտւեց՝ ներկայ հաւատացեալների համար:
Այնուհետեւ եկեղեցուն կից սրահում, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, տեղի ունեցաւ միջոցառում, որին հրաւիրւել եւ ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, արարողութեանը ներկայ եկեղեցականաց դասը, թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորները, Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը, կազմակերպիչ միութեան անդամուհիներն ու մի շարք այլ հրաւիրեալներ:
Ծրագրում բացման խօսք ասաց Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախագահ Անահիտ Օհանեանը, օրւայ առթիւ ելոյթ ունեցան՝ Սրբազան Հայրը, Գեղարդ Մանսուրեանը եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան նախագահ Անահիտ Այւազեանը, տեղի ունեցաւ նաեւ հիւրասիրութիւն ու վիճակախաղ:
Թղթակից (Նոր Ջուղա)